Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իշխանությունն իրավունք ունի որոշել արվեստի ստեղծագործությունների թեմաները, որոնց համար վճարում է: Այսպես է նա մեկնաբանել «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինի ելույթը՝ ռեժիսորը բողոքում էր արվեստի վրա հասարակական կազմակերպությունների ճնշումից:
«Գրաքննությունն անթույլատրելի է: Բազմիցս այդ թեման քննարկվել է թատերական ու կինեմատոգրաֆիական հասարակության հետ նախագահի հանդիպումներում»,- ասել է Դմիտրի Պեսկովը՝ կոչ անելով գրաքննություն չհամարել, երբ պետությունը նպատակամետ պատվիրում է այս կամ այն թեմայով մշակութային ստեղծագործություններ: «Բնականաբար, եթե պետությունը այս կամ այն ներկայացման համար փող է տալիս, իրավունք ունի որոշել այս կամ այն թեման, պետությունը պատվիրում է այս կամ այն թեմայով արվեստի ստեղծագործություն»՝ ասել է նախագահի խոսնակը: «Այն ստեղծագործությունների դեպքում, որ ծնվում են առանց պետական փողերի մասնակցության, գլխավորը գործող օրենսդրությունը չխախտելն է: Նկատի է առնվում էքստրեմիզմի դեմ պայքարը, կրոնական կամ այլ հողի վրա հակասություններ հարուցելը»՝ հավելել է նա:
Երկուշաբթի «Սատիրիկոնի» գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը հուզական ելույթ է ունեցել Ռուսաստանի թատերական գործիչների յոթերորդ համագումարում և հայտարարել, որ արվեստը ճնշման է ենթարկվում՝ իշխանությունների թողտվությամբ: «Ինձ շատ են անհանգստացնում, կարծում եմ` նաև ձեզ՝ բոլորիդ, մեր կյանքում կատարվող իրադարձությունները: Այդ, այսպես ասած, գրոհները արվեստի, մասնավորապես թատրոնի վրա: Միանգամայն անօրինական, էքստրեմիստական, հանդուգն, ագրեսիվ, բարոյականության մասին բառերով քողարկվող ու ընդհանրապես՝ «հայրենասիրություն», «հայրենիք» ու «բարձր բարոյականություն» բարի ու բարձր բառերի տակ թաքնվող հարձակումներն արվեստի վրա»՝ հայտարարել է թատերական ռեժիսորը: «Իբր թե վիրավորված այդ մարդկանց խմբակները, որ փակում են ներկայացումները, փակում են ցուցահանդեսները, իրենց շատ հանդուգն են պահում ու նրանց նկատմամբ իշխանությունը տարօրինակ չեզոք է պահում իրեն: Ես կարծում եմ՝ դա այլանդակ ոտնձգություն է ստեղծագործական ազատության վրա»,- ասել է Կոնստանտին Ռայկինը:
Իշխանամետ տարբեր կազմակերպությունների ակտիվիստները վերջերս հաճախակի են հարձակվում մշակութային ու կրթական միջոցառումների ժամանակ: «Ընտանիք, սեր, հայրենիք» հասարակական շարժման ակտիվիստները Օմսկում արգելակել են «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» օպերայի ցուցադրությունը: Ապրիլին գեորգիևյան ժապավեններով ակտիվիստները անուշադրի սպիրտ ու զելյոնկա են լցրել «Мемориал» կազմակերպության պատմական աշխատանքների մրցույթի անդամների վրա: Սեպտեմբերի վերջին «Ռուսաստանի սպաներ» խումբը շրջափակել է բրիտանացի լուսանկարիչ Ժոն Ստերջեսի ցուցահանդեսը, որը հետո փակվել է:
BBC
Հ.Գ. Երբ բարբարոսության ու հայրենասիրության սահմանները թելադրում է իշխանությունը, հայրենասիրությունը դառնում է գործիք և բովանդակազրկվում, որովհետև սիրել հայրենիքը չի նշանակում կատարել իշխանության կամքը: Կոնստանտին Ռայկինից բացի, Ռուսաստանում շատերն են դա գիտակցում, բայց քչերն են իմաստ տեսնում բարձրաձայնելու մեջ: Զարմանալի չի լինի, եթե կեղծ հայրենասերների հաջորդ թիրախը դառնա «Սատիրիկոնը» ու անձամբ Կոնստանտին Ռայկինը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ